|
«Կենգուրուի» մասին
Պատմություն
«Կենգուրու» մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում դեռ 1980-ականների սկզբին: Սիդնեյի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ Պիտեր Օ'Հոլորանի հայտնագործած խաղ-մրցույթը հետաքրքիր էր և աննախադեպ: Նորաստեղծ խաղը շատ շուտով լայն տարածում գտավ` խթանելով Ավստրալիայում մաթեմատիկայի զարգացումն ու ընդլայնումը: Օ'Հոլորանի նորարարությունն այն էր, որ խաղ-մրցույթը թեստային էր, մատչելի տարբեր առաջադիմությամբ աշակերտներին և անցկացվում էր բոլոր դպրոցներում միաժամանակ: 1991թ.-ին ֆրանսիացի երկու ուսուցիչներ` Անդրե Դելեդիքը և Ժան Պիեր Բուդինը, մրցույթը տեղափոխեցին Ֆրանսիա: Նրանք այն անվանեցին «Կենգուրու»` այդպիսով երախտագիտություն հայտնելով կենգուրուների երկրի իրենց գործընկերներին: Առաջին իսկ մրցույթը Ֆրանսիայում հավաքեց մոտ 120 000 դպրոցականների: Մի քանի տարվա ընթացքում «Կենգուրուի» սահմաններն ընդլայնվեցին` ընդգրկելով նորանոր երկրներ:
1994թ. հունիսին, Ստրասբուրգում, Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովին 10 երկրների ներկայացուցիչներ որոշեցին հիմնադրել «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou Sans Frontieres») ասոցիացիան: Ասոցիացիայի անդամ երկրներում մրցույթն անցկացնում են տեղի լիազոր և ներկայացուցչական կազմակերպությունները:
1996-ից սկսած Ասոցիացիայի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցում են տարեկան գագաթնաժողովին, որը կազմակերպվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, մասնակից երկրներից որևէ մեկում:
1994թ.
Ֆրանսիայի մաթեմատիկայի միության կողմից «Կենգուրուին» շնորհվեց Դ'Ալամբերի մրցանակ (D'Alembert Prize)` մաթեմատիկայի մասսայականացման ու տարածման լավագույն գործունեության համար:
Բացի այդ, 2004թ. հուլիսին Կոպենհագենում Մաթեմատիկայի ազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիան
(World Federation of National Mathematics Competitions) «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի նախագահ Անդրե Դելեդիքին շնորհեց ԷՐԴՈՇ մրցանակը (ERDOS Prize), որը տրվում է 2 տարին մեկ, մաթեմատիկայի բնագավառում մեծ վաստակ ունեցողներին:
Այսօր արդեն «Կենգուրուն» մաթեմատիկայի միջազգային ամենամեծ մրցույթն է, որին անդամակցում է մոտ 50 երկիր: 2008թ.-ին «Կենգուրու» մրցույթին մասնակցեց ավելի քան 5 միլիոն երեխա:
Էջի սկիզբ
Հայաստանում
2008թ. մայիսին «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացրեց «Կենգուրու» առաջին փորձնական մրցույթը, որին մասնակցեցին 6 դպրոցների 3-11-րդ դասարանցի 639 աշակերտներ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից: Նրանք բոլորն էլ ստացան հավաստագրեր, իսկ 46-ը արժանացան նաև պատվոգրերի, 4-ը գերազանց, 42-ը` լավ արդյունքների համար:
2008թ. հոկտեմբերին Հայաստանը` ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, դարձավ «Kangourou Sans Frontieres» («Կենգուրու առանց սահմանների», գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում) ասոցիացիայի անդամ:
2009թ. մարտի 19-ին ՀՀ ԿԳ նախարարության հովանու ներքո և «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ «Կենգուրու» մրցույթը անցկացվեց Հայաստանի բոլոր մարզերում` մոտ 570 դպրոցների և ավելի քան 30 000 աշակերտների մասնակցությամբ: Մրցույթն աննախադեպ էր ու իրոք դարձավ տոն մասնակիցների համար:
Մրցույթն աննախադեպ էր ու իրոք դարձավ տոն մասնակիցների համար: 2010
թ.-ին բոլոր կանխատեսումները` կապված մասնակից դպրոցների և աշակերտների
թվի հետ, մեծապես գերազանցվեցին. 902 դպրոց Հայաստանի բոլոր
մարզերից և 39 341 աշակերտ մասնակցեց «Կենգուրու 2010»-ին՝
30%-ով գերազանցելով 2009 թվականի ցուցանիշը: «Կենգուրուն» միակ
մրցույթն է, որ երբևէ այսպիսի ոգևորություն է առաջացրել հայ
դպրոցականների շարքերում:
Էջի սկիզբ
Նպատակներ
Բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը մաթեմատիկա առարկայի հանդեպ:
Օգնել երեխաների ներուժի բացահայտմանը և նրանց ինքնադրսևորմանը:
Նպաստել աշակերտների ակտիվ մասնակցությանը միջազգային մրցույթներին:
Նոր լիցք հաղորդել Հայաստանում անցկացվող առարկայական մրցույթներին և օլիմպիադաներին:
Քաջալերել ՀՀ կրթական համակարգում մաթեմատիկա առարկայի զարգացումն ու տարածումը:
Էջի սկիզբ
Առավելություններ
«Կենգուրուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
Մատչելի է բոլոր երեխաներին` անկախ առաջադիմությունից:
Բանաձևերի իմացություն չի պահանջում:
Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չկա:
Անցկացվում է դպրոցում` երեխաների համար հարազատ միջավայրում:
Բոլոր մասնակիցներն ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ:
Իրականացվում է նույն օրը, բոլոր դպրոցներում:
Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
Մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի է դարձնում:
Էջի սկիզբ
Մրցանակներ
Մրցույթի սկզբունքն է` «նվեր բոլորին». բոլոր
մասնակիցներն
ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ,
լավագույն արդյունքներ ցույց տված երեխաներն արժանանում են
նաև պատվոգրերի և մրցանակների:
Իսկ մրցույթի հաղթողները ստանում են գլխավոր մրցանակ, որն
իրենից ներկայացնում է արժեքավոր նվեր կամ «Կենգուրու առանց
սահմանների» («Kangourou
Sans Frontieres»)
միջազգային ասոցիացիայի անդամ որևէ եվրոպական երկրում կազմակերպվող
ամառային ճամբարի ուղեգիր: Ուղեգիրը ներառում է ճամբարում
մնալու բոլոր ծախսերը, ճանապարհածախսը, ապահովագրությունը և ելքի
արտոնագիրը (վիզան): Ամառային ճամբարի ուղեգիրը որպես գլխավոր
մրցանակ սահմանելը որոշում է «Այբ» կրթական հիմնադրամը` կախված
տվյալ տարվա հաղթողների թվից, ամառային ճամբարների առաջարկից և
տվյալ տարում Հայաստանին հատկացված տեղերի քանակից: Ամառային
ճամբարների ուղեգրեր կարող են տրվել միայն տվյալ տարվա հունիսի 1-ի
դրությամբ 12 տարեկանը լրացած հաղթողներին, ովքեր բավարար չափով
տիրապետում են անգլերենին: Հավաստագրեր են տրվում նաև մասնակից
բոլոր դպրոցներին:
Էջի սկիզբ
|